«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Լուրեր

Լուրեր
22.08.2008 | 00:00

«Թթվածնային» քաղց
Այսպես կոչված հայրենասիրական ընդդիմադիր ճակատը, որի ձևավորման աշխատանքները, իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն էր կոորդինացնում, դեռ չձևավորված և իր հիմնական միսիան դեռ չսկսած, արդեն հասցրել է տեղը տեղին զզվեցնել նախագահականի տերերին։ Բանն այն է, որ լևոնականների դեմ սկսած վիրտուալ խաչակրաց արշավանքի դիմաց հայրենասերիկների մանր-մունր առաջնորդներն այսօր արդեն լուրջ փոխհատուցում են պահանջում գործադիրից՝ վարչության պետերի կամ միջին կալիբրի այլ պաշտոնների տեսքով, բառացիորեն «չամուռ լինելով» նախագահի մերձավորագույն շրջապատի ազդեցիկ դեմքերին։ Պաշտոնաշորթության բացառիկ աներես այս ակցիան, սակայն, զուրկ է որևէ հեռանկարից և ոչ միայն այն պատճառով, որ վերևներում շատ լավ հասկացել են, թե ինչ վարկաբեկված սուբյեկտների հետ են սին հույսեր կապում։ Հայրենասիրական ընդդիմադիր ճակատ ստեղծելու գաղափարին բավականին խանդով է սկսել վերաբերվել մեկ այլ «ճակատ», որի համոզմամբ՝ «կանկուրիրույուշչի ֆիրման» վարկաբեկում է «երրորդ ուժի» գաղափարն ընդհանրապես և որքան շուտ «մաքրվի» քաղաքական ասպարեզից, այնքան իրենց բաժին թթվածինը՝ նույն այդ պաշտոնների տեսքով, կավելանա։

«Կաշառք է առաջարկել թոշակառուներին»
Չնայած Արաբկիր համայնքի թաղապետի թեկնածուների քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց «Ժառանգությունն» արդեն որոշակի խախտումներ է արձանագրել։ Երեկ այդ մասին մամուլի ասուլիսում արձանագրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա փաստմամբ, խախտումներ են նկատվել «Երիցյան և որդիներ» ընկերության տնօրեն Ալբերտ Երիցյանի վստահված անձի գործողություններում, որը, Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ, կաշառք է առաջարկել թոշակառուներին։ «Այդ ամենը փաստարկվել է, ու դրա տակ ստորագրել է այդ անձնավորությունը»,- հավաստիացնում է Ա. Մարտիրոսյանը։

«Ի՞նչ իմանամ, է՜»
Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի մաքսային պետական կոմիտեն և կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը վերակազմավորվեցին որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, որը ղեկավարելու է Գագիկ Խաչատրյանը: Այս փոփոխության հնարավորությունը մամուլը պարբերաբար հնչեցրել էր:
Մեր ունեցած տեղեկություններով, այժմ էլ նախատեսվում է ՀՀ ոստիկանությունը կրկին վերանվանել ներքին գործերի նախարարություն։ Այս լուրը ճշտելու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանին, ով նախ նշեց, որ իրենք առայժմ նման տեղեկություն չունեն, ապա հավելեց. «Ի՞նչ իմանամ՝ նախագա՞հը, թե՞ վարչապետն է նման նախաձեռնությամբ հանդես գալու: Հիմա այդպիսի բան չկա, իսկ մենք լուրերով չենք առաջնորդվում: Առայժմ մենք ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն ենք, և եթե վաղը որոշում լինի ներքին գործերի նախարարությունը վերականգնելու, ապա կլինենք ներքին գործերի նախարարություն»:

Կանցնեն խստացված ռեժիմի
Երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների՝ սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի հետ կապված՝ սեպտեմբերի 1-11-ը ուժային կառույցների համար սահմանել աշխատանքային խստացված ռեժիմ։ Կառավարությունն այս որոշումը կայացրեց՝ նկատի ունենալով թուրք ֆուտբոլասերների Հայաստան ժամանելու հնարավորությունը և հանձնարարական տվեց ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ Երևանի քաղաքապետին հանձնարարական է իջեցվել «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու և ֆուտբոլասերներին կենցաղային ժամանակավոր պայմաններով ապահովելու, սննդի ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու, ինչպես նաև շտապօգնության ծառայության ապահովման ուղղությամբ։

Արդար ընտրությունների պարագայում կհաղթի Մանուկ Գասպարյանի որդին
Սեպտեմբերի 7-ին Երևանի մի շարք համայնքներում նախատեսված են համայնքապետերի ընտրություններ: ՏԻՄ ընտրություն է անցկացվելու Քանաքեռ-Զեյթուն համայնքում ևս, որտեղ առաջադրված են գործող թաղապետ, ՀՀԿ անդամ Արայիկ Քոթանջյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր ու վարչության անդամ Մանուել Գասպարյանը (Մանուկ Գասպարյանի որդին), ինչպես նաև անկուսակցականներ Մելսիկ Գրիգորյանը և Վարուժան Մկրտչյանը: ՀՀԿ կուսակցությունն արդեն որոշում է կայացրել գործող համայնքապետին սատարելու վերաբերյալ, իսկ Մանուել Գասպարյանին աջակցելու կոչով հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսը: «Ընտրվելու ի՞նչ շանսեր կարող է ունենալ Գասպարյանը, եթե գործող թաղապետն ունի լծակներ և ՀՀԿ-ի աջակցությունը» հարցին ԺՈՒԿ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, այսօր գործող թաղապետն իր լծակներն է օգտագործում՝ կրկին վերընտրվելու համար, սակայն ժողովուրդը հաշվի է առնում գործող ղեկավարի անձը, այսինքն, թե որքան հեշտությամբ նա դրժեց ժողովրդին տված խոստումները: Իսկ դա իր բացասական ազդեցությունը, անշուշտ, թողնելու է»: Գրիգորյանը վստահեցրեց նաև, որ բնակչությունը լուրջ փոփոխությունների ակնկալիք ունի, և արդար ընտրությունների պարագայում իրենց թեկնածուն անպայման կհաղթի:

«Զապրետ»
Թեև Հայաստանի նոր իշխանությունները, տերպետրոսյանական հին գվարդիայի «հացը կտրելով», հրապարակավ հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերություններն օր առաջ բարիդրացիական հիմքերի վրա դնելու օգտին, սակայն «տականց» շարունակում են դեռևս Անդրանիկ Մարգարյանի որդեգրած կուրսը` հայ պաշտոնյաների առաջ թուրքական առողջարանների «սահմանը» փակ պահելու մասով: Կառավարամերձ աղբյուրների փոխանցմամբ` հատկապես գործադիր իշխանության ներկայացուցիչներն այս ամառ էլ խիստ «ինստրուկցիա» են ստացել Միջերկրականի թուրքական լողափերը մտքներից հանելու մասին և սրբորեն հետևել դրան: Նման զգուշավորության պատճառներից մեկն էլ, թերևս, այն է, որ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին անցած ամառ մի լավ «սեղմեցին» վերևներում` Անթալիա հանգստի մեկնելու համար, «կուժ, քեզ եմ ասում, կուլաներ, դուք լսեք» տրամաբանությամբ:

Ռուսները ձերբակալել են Ֆրանսիայի դեսպանին
Երեկ Վրաստանի Շիդա Քարթլի տարածաշրջանի նահանգապետ Վլադիմիր Վարձելաշվիլին լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե Գորիի շրջանում ռուսական ռազմական պարեկը կալանել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեին։ Նահանգապետի պնդմամբ, դեսպանն այցելել է այդ շրջանում գտնվող Սաչխարե բնակավայրին մոտ կառուցված լեռնային հրաձիգների պատրաստման ռազմական բազան, որը, ի դեպ, կառուցել է ֆրանսիական կառավարությունը։ Վերադարձի ճանապարհին նրա մեքենան կանգնեցրել է ռուսական ռազմական պարեկը, և ողջ օրվա ընթացքում բանակցություններ էին ընթանում դեսպանին ազատելու վերաբերյալ։

Եվ դո՞ւ, Նինո
Երեկ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն արտասահմանյան լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում քննադատել է գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլու քաղաքականությունը և կարծիք հայտնել, որ նա ժողովրդի առջև պատասխան պետք է տա տապալված ռազմական գործողության և Վրաստանը ներկա վիճակին հասցնելու համար։ Բուրջանաձեն հայտարարել է, որ նախաձեռնում է նոր կուսակցության հիմնադրման գործընթաց, և այդ քաղաքական ուժը հստակ ընդդիմադիր է լինելու Սաակաշվիլու ռեժիմին։

Ռուսներն արդեն վերահսկում են Ախալգորին
Երեկ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին Ռումինիայի ղեկավար Տրայան Բեսեսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը, զորքերը դուրս բերելու փոխարեն, իր վերահսկողության տակ է վերցնում վրացական նորանոր շրջաններ։ «Դա մասնավորապես վերաբերում է Ախալգորիի շրջանին, որը միշտ եղել է մեր վերահսկողության տակ։ Ռուսական զորքերը մտել են այդ շրջանը, տեռորի են ենթարկում բնակչությանը և փոխում տեղական իշխանությունը։ Հավանաբար, Ռուսաստանն ինքնատիպ պատկերացում ունի զորքերի դուրսբերման վերաբերյալ, քան այդ մասին նշված է ստորագրված համաձայնագրում։ Համենայն դեպս, այդ պատկերացումը խիստ տարբերվում է մեր և ֆրանսիական մոտեցումից»,- ըստ «Ռեգնում» գործակալության՝ հայտարարել է Սաակաշվիլին, չնշելով, սակայն, որ Ախալգորիի շրջանը Հարավային Օսիայի մասն է կազմում։

ՆԱՏՕ-ն Վրաստանի կողքին է
Երեկ Թբիլիսիի օդանավակայանում այսպիսի հայտարարություն է արել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, որը Վրաստան է ժամանել երկրի ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու համար։ «Ես մտադիր եմ մանրամասն ծանոթանալ իրավիճակին և փորձելու եմ որոշակիացնել այն ուղղությունները, որոնցով ՆԱՏՕ-ն կարող է Վրաստանին անհրաժեշտ օգնություն տրամադրել։ Ցանկացած դեպքում մենք Վրաստանի կողքին ենք լինելու և չենք լքի նրան»,- ըստ «Ռեգնում» գործակալության՝ հայտարարել է Ռ. Սիմոնսը։

Դիտվել է՝ 4301

Մեկնաբանություններ